Միսաք Մեծարենց

Միսաք Մեծարենցը ծնվել է 1886 թվականի հունվարին, Արևմտյան հայաստանիԱկնա գավառի Բինկյան (Բինկա) գյուղում, որը գտնվում է Եփրատի գետի ձախ ափին։ Գյուղը երեք կողմից շրջապատված էր ժայռերով ու կիրճերով, իսկ մի կողմից՝ գետով, ուստի դիմացի դաշտի հետ կապվում էր գիշերը փակվող կամրջով, որը թշնամու հարձակման ժամանակ գետի վրայից վերցնում էին և թույլ չէին տալիս թշնամուն գյուղ մտնել։ Նշանավոր բանահավաք Գարեգին Սրվանձտյանը գրում է, որ Բինկյան գյուղի բնակիչները զենք ունեին. «Ամեն սենյակի մեկ կողմն գիրք շարած են, երկու կողմն զենքեր, մեկ կողմն ալ փորի պետքեր»։ Այս միջավայրում Մեծարենցի մեջ տպավորվում է ավելի շատ գրքի, քան զենքի պաշտամունքը, մանավանդ որ նա խառնվածքով ամաչկոտ էր ու լռակյաց, խուսափում էր ընկերական շրջապատից և հասակին բնորոշ չարաճճիություններից։1892 թվականին՝ վեց տարեկան հասակում, ապագա բանաստեղծը հաճախում է գյուղի Մեսրոպյան վարժարանը, որտեղ իր վեհերոտ բնավորության պատճառով աչքի չի ընկնում ուսման մեջ։

1895 թվականին Մեծատուրյանների ընտանիքը տեղափոխվում է Սեբաստիա (Սվազ) քաղաքը, որտեղ Միսաքը սկզբնապես սովորում է Արամյան վարժարանում, իսկ 1896 թվականից տեղափոխվում է Մարզվանի՝ ամերիկյան միսիոներների «Անատոլիա» կոչվող գիշերօթիկ քոլեջ։ Այստեղ նա աստիճանաբար ձեռք է բերում ընկերներ, դառնում ավելի շփվող, մասնակցում աշակերտների կազմակերպած թատերական ներկայացումներին։ Մեծարենցը քոլեջում հետաքրքրություն է ցուցաբերում գեղարվեստական գրականության հանդեպ, կարդում է գրականություն հայերենով, անգլերենով, թուրքերենով։ Հենց այս շրջանում է, որ ի հայտ է գալիս նրա ստեղծագործելու ունակությունը. նա սկսում է իր գրական առաջին փորձերը։ Ինչպես և հայտնում են հուշագիրները, նա բանաստեղծություններ է գրում իր ննջարանի պատերին, եղբոր առևտրական թերթերի հակառակ կողմում։

1901թվականին Սվազում Միսաքի հետ կատարվում է մի դեպք, որը ճակատագրական է դառնում նրա համար։ Թուրք մսագործ տղաները նրան շփոթում են իրենց հակառակորդի հետ, նրան ծեծի են ենթարկում և դանակահարում, ինչն էլ դառնում է բանաստեղծի՝ թոքախտով հիվանդանալու պատճառը։ Նա մի քանի ամիս բուժվում է Սուրբ Հակոբի վանքում։ 1902 թվականին նա գնում է հոր մոտ՝ Պոլիս, և սկսում է սովորել Կեդրոնական վարժարանում, սակայն հիվանդության պատճառով 1905 թվականին կիսատ է թողնում ուսումը։  Այդ ընթացքում 1903թ.-ից աշխատակցում էր «Մասիս», «Հանրագիտակ», «Արևելյան մամուլ» և այլ պարբերականների: 1907թ.-ին Կոստանդնուպոլսում լույս են տեսնում նրա «Ծիածան» և «Նոր տաղեր» բանաստեղծությունների ժողովածուները:

Մայրը հավատում էր, որ իր հզոր սերն ի զորու կլինի փրկել որդուն, մինչև որ մի օր սարսափով նկատեց, որ իր նվիրած թալիսման–մատանու քարը ճաքել է։ Մոր կատարյալ սերը փոխվեց մահվան անխուսափելիության հանդեպ երկյուղի։

Մեծարենցի մասին

Երիտասարդ Միսաքը ուշադրություն էր գրավում իր բնավորությամբ և արտաքինով։ Պոլսի թերթերից մեկում այսպես է նկարագրվում Մեծարենցի արտաքինը. «Հելլեն դասական ձուլվածք մը՝ հայեցի արտահայտությունով, իր դեմքը՝ ողորկ կիսափայլ մորթով մը քողքված։…Ձվաձև կզակը ընդեզերող սև մորուսիկ մը երկու մատ…»։ Իսկ ժամանակակիցներից մեկը Մեծարենցի էության մասին գրում է. «Անմեղուկի պես անուշ, նոր հարսի մը պես շիկնոտ ու հրապուրոտ, նազանքոտ տղա մըն է Մեծարենց, մերթ ժպտուն, մերթ տխուր ու գրեթե միշտ բանաստեղծությունը շրթունքին, կը հևա, կը կարմրի, կը սպառի…»։ Մեծարենցը գնում էր դեպի մահը և ընկերներից մեկին ուղղված նամակում գրում է. «Թոքախտը իր բոլոր նոպաները փորձեց իմ վրաս ու հաղթական եղավ…»։

Մեծարենցի գրական ժառանգությունը բաղկացած է ավելի քան 130 քնարական ոտանավորից, շուրջ մեկ տասնյակ արձակ բանաստեղծություններից ու պատմվածքից և մի քանի գրական-քննադատական հոդվածներից, որոնցում շարադրել է իր ստեղծագործական սկզբունքները, պաշտպանվել թշնամական քննադատությունից։

Մեծարենցը սկսել է գրել 15-16 տարեկան հասակից։ Նրա առաջին բանաստեղծությունը, որը գրվել է 1901թվականին և մտնում է «Բաբախումներ» խորագրով տետրի մեջ, ունի «Մարմնի վերք, սրտի վերք» վերնագիրը։ Բանաստեղծական այդ շարքը լույս չի տեսել։ 

Սիրերգ

Գիշերն անույշ է, գիշերն հեշտագի՜ն,
Հաշիշով օծուն ու բալասանով.
Լուսեղէն ճամբէն ես կ’անցնիմ գինով՝
Գիշերն անույշ է, գիշերն հեշտագին…։

Համբույրնէր կու գան հովէն ու ծովէն, 
Համբույր՝ լույսէն, որ չորս դիս կը ծաղկի,
Այս գիշեր Տոն է հոգւոյս՝ Կիրակի՜,  
Համբույրնէր կու գան հովէն ու ծովէն ։

Բայց լույսն իմ հոգւոյս քիչ քիչ կը մաշի՜,
Շրթունքս են ծարավ միակ համբույրին…։
Ցնծագին գիշեր է լոյս ու լուսին՝
Բայց լույսն իմ հոգւոյս քիչ քիչ կը մաշի…։

Մեծարենցը վախճանվեց 1908 թվականի հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը, նրա շուրթերին մնաց «մա՜յր» բառը։

https://youtube.com/shorts/HBhMGZDzubI?feature=share

Leave a Reply