Բնական ռեսուրսներ և բնական պայմաններ

Ռեսուրսը ինչ-որ բանի հնարավորություն, պաշար, նախադրյալ է: Ընդհանրապես ռեսուրս է նաև այն ամենը, ինչը մարդկանց անհրաժեշտ նյութական ու հոգևոր բարիքների ստացման աղբյուր և նախադրյալ է: Բնական ռեսուրսները բնական միջավայրի այն նյութերն ու երևույթներն են, որոնք օգտագործվում են կամ կարող են օգտագործվել որպես աշխատանքի առարկա ու գործիք և սպառման առարկա: Բնական ռեսուրս հասկացությունը պատմական կատեգորիա է: Դա նշանակում է, որ ներկայումս օգտագործման ենթակա բնության տարրերն ու երևույթները միշտ չէ, որ ռեսուրս են եղել: Սկզբնական շրջանում մարդու համար ռեսուրս են ծառայել բնության պատրաստի բարիքները` հատապտուղները, որսի կենդանիները, ավելի ուշ` մետաղային հանքատեսակները, քարածուխը, նավթը, գետերի անկման էներգիան: Գիտության ու տեխնիկայի զարգացման շնորհիվ արագորեն ավելանում է ոչ միայն օգտագործվող բնական ռեսուրսների տեսականին, այլև նույն ռեսուրսի օգտագորխման բնագավառները և ծավալը:

Լայն տարածում ունի բնական ռեսուրսների դասակարգումն ըստ սպառման հնարավորության: Տարբերվում են` սպառվող ռեսուրսներ և չսպառվող ռեսուրսներ:

Չսպառվող ռեսուրսներ են, օրինակ, արեգակնային էներգիան, ծովային ալեկոծությունների, տեղատվության ու մակընթացության, քամու էներգիան:Մնացած բոլոր ռեսուրսները սպառվող են: Բայց դրանց մեջ տարբերում են այնպիսիները, որոնք որոշակի ժամանակաընթացքում վերականգնվում են, և այնպիսիները, որոնք չեն վերականգնվում և օգտագործելու դեպքում կարող են սպառվել ամբողջովին, օրինակ` օգտակար հանածոները:

Կարևոր նշանակություն ունի բնական ռեսուրսների դասակարգումն ըստ ծագման: Առանձնացնում են ռեսուրսների հետևյալ խմբերը`·         Հանքային (հանածո)·         Ջրային·         Հողային·         Կենսաբանական·         Կլիմայական

Կարևոր է գիտենալ նաև բնական ռեսուրսների դասակարգումն ըստ օգտագործման եղանակի: Առանձնացվում է երկու խումբ.

Առաջին` ռեսուրսներ, որոնք օգտագործվում են որպես արտադրամիջոց

Երկրորդ` ռեսուրսներ, որոնք օգտագործվում են որպես սպառման առարկա:

Մի ուրիշ դասակարգման համաձայն` բնական ռեսուրսները բաժանվում են փոխարինելիի և անփոխարինելիի: Օրինակ` մարդկանց, կենդանիների ու բույսերի շնչառության համար անփոխարինելի է մթնոլորտի թթվածինը, խմելու համար` քաղցրահամ ջուրը: Բայց բավական շատ են բնական ռեսուրսների այն տեսակները, որոնք կարելի է փոխարինել այլ բնական ռեսուրսներով կամ արհեստական նյութերով: Գիտության ու տեխնիկայի զարգացման հետ դրանց թիվը մեծանում է:Փոխարինելի ռեսուրսներից են մետաղը, փայտանյութը, բնական կաշին ու մորթին, բնական թելերը:

Բնական պայմաններ: Բնութանյան տարրը ռեսուրս է, եթե մասնակցում է կամ կարող է մասնակցել արտադրության պրոցեսին որպես աշխատանքի առարկա ու գործիք կամ սպառման առարկա: 

Բնական ռեսուրսի և բնական պայմանի միջև անանցանելի սահման գոյություն չունի, այդ սահմանը պայմանական է: Բնական միջավայրի նույն տարրը միաժամանակ կարող է լինել թե’ ռեսուրս և թե’ պայման: 

Բայց բնատարածքը նաև բնական պայման է: Պայման է, որովհետև կախված որակից` այն տարբեր ազդեցություն է ունենում արտադրության վրա: Շատ կարևոր է` այն լեռնո՞տ է, թե՞ հարթավայրային, լանջերը զառիթա՞փ են, թե՞ մեղմաթեք, ինչպիսի՞ն է բացարձակ բարձրությունը, լանջերի կողմնադրությունը, ինչպիսի՞ն է բնական լանդշաֆտը: ՄԻաժամանակ և’ բնական ռեսուրս, և’ բնական պայման են նաև կլիման, մանրէները, մթնոլորտի ու ջրավազանների ջուրը և այլն:

Leave a Reply