Կազմակերպությունների ստեղծման ու գրանցման կարգը: Գործընթացի օրենսդրական կարգավորումը: Կազմակերպու­թյան կանոնադրությունը:

Ինչպես գրանցել ա/ձ կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումը ՝ 

Անհատ ձեռներեց (ԱՁ) գրանցում կարելի է անել ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով՝ լիազորագրի հիման վրա:Ցանկալի է գրանցումը կատարել մասնագիտացված անձի կողմից, որը հնարավորություն կտա անհրաժեշտ իրավաբանական խորհրդատվություն ստանալու կապված ձեռնարկատիրոջ իրավական կարգավիճակի վերաբերյալ, այնպես էլ խուսափելու հնարավոր խնդիրներից և ժամանակի կորուստից: Ստորև ներկայացվում է ԱՁ կարգավիճակի և գրանցման վերաբերյալ հաճախ տրվող հարցերի պատասխանները: Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ամենատարածված ձևերից մեկը անձի՝ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելն է, մյուսը ընկերության ՝ հիմնականում ՍՊԸ գրանցումն է: Երկուսն էլ ունեն իրենց առավելություններն ու թերությունները: Այստեղ ներակացված է անհատ ձեռնարակատիրոջ հաշվառման առանձնահատկությունները։ 

Անհատ ձեռնարկատեր լինելու հիմքը օրենքով սահմանված կարգով պետական հաշվառում ունենալն է, որի արդյունքում անձը հնարավորություն է ստանում իր ռիսկով, իր անունից և սեփական միջոցներով զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ՝ առանց իրավաբանական անձ ստեղծելու: Առանց օրինական հիմքի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն:

Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման դրական կողմերն են՝ հաշվառման գործընթացի արագ կատարումը՝ փաստաթղթային նվազագույն պահանջներով, հաշվեկշիռ չունենալը, տարեկան եկամտահարկով հարկվելը և այլն:

Անհատ ձեռնարկատեր լինելու թերությունը կայանում է նրանում, որ վերջինս իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփականության իրավունքով իրեն պատկանող ամբողջ գույքով, բացառությամբ այն գույքի, որի վրա, օրենքին համապատասխան, բռնագանձում չի տարածվում: Սա ԱՁ-ի ամենամեծ թերությունն է. Ի տարբերություն սահամանափակ պատասխանատվությամբ ընկերություն հիմադրելու, որտեղ ՍՊԸ հիմնադիրը պատասխանատվություն չի կրում ընկերության պարտավորությունների համար:

Անհատ ձեռնարկատեր կարող է լինել ցանկացած գործունակ ֆիզիկական անձ (ՀՀ քաղաքացի, օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ :  

Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը կատարվում է   իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում (Պետռեգիստրում)՝ անկախ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության վայրից:

Պետական հաշվառման համար անհատ ձեռնարկատերը Գործակալություն է ներկայացնում – անձնագիր (անձնագիրը անձը նույնականացնելուց հետո վերադարձվում է) և պատճենը,
– պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ (վճարման անդորրագիր, e-payments.am էլեկտրոնային վճարման համակարգի միջոցով կատարված վճարում և այլն): հաշվառման տուրքը կազմում է 3000 (երեք հազար) ՀՀ դրամ, որն անհրաժեշտ է վճարել հետեւյալ գանձապետական հաշվին՝ 900005160750:
Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համար անհրաժեշտ դիմումը պատրաստվում է Գործակալության աշխատակցի կողմից՝ հիմք ընդունելով անձի կողմից ներկայացված տեղեկությունները և փաստաթղթերը:  

Որպես անհատ ձեռնարկատեր` անձի հաշվառումն իրականացվում է անմիջապես անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու պահին: Այսինքն գրանցումն իրականացվում է համապատասխան փաստաթղթերը ռեգիստր ներկայացնելու օրը:

Անձի որպես անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումը մերժվում է, եթե`
ա) նա արդեն հաշվառված է որպես անհատ ձեռնարկատեր.
բ) նրա ներկայացրած փաստաթղթերը կամ տեղեկատվությունը ամբողջական չեն.
գ) նա օրենքով սահմանված կարգով զրկվել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ:

Անհատ ձեռնարկատերը կարող է հանվել հաշվառումից իր (լիազորված անձի) դիմումի համաձայն կամ անհատ ձեռնարկատիրոջ մահվան, դատական կարգով անհայտ բացակայող կամ սնանկ ճանաչվելու դեպքերում:
Անհատ ձեռնարկատեր լինելու թերությունը կայանում է նրանում, որ վերջինս իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքով, բացառությամբ այն գույքի, որի վրա, օրենքին համապատասխան, բռնագանձում չի տարածվում:

Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից հանելը կատարվում է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ՝ Գործակալություն)   կողմից՝ անկախ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության վայրից:

Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանելը կատարվում է որպես անհատ ձեռնարկատեր գրանցված անձի կամ վերջինիս կողմից լիազորված անձի դիմումով, որին կից ներկայացվում է իր կողմից տեղեկանք` «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների կատարման մասին, իսկ եթե դիմումը ներկայացվում է լիազորված անձի կողմից, ապա պետք է ներկայացվի նաև համապատասխան լիազորագիր և անձնագիր:
Եթե անհատ ձեռնարկատերը մահացել է, ապա հաշվառումից հանելու դիմում կարող է ներկայացնել ցանկացած շահագրգիռ անձ՝ ներկայացնելով մահվան փաստը հավաստող փաստաթուղթ, իսկ դատական կարգով անհատ ձեռնարկատիրոջն անհայտ բացակայող ճանաչելու դեպքում՝ դատարանի որոշման պատճենը:
Եթե անհատ ձեռնարկատերը ճանաչվել է սնանկ, ապա հաշվառումից հանելու դիմումի հետ մեկտեղ ներկայացվում է դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշման պատճենը և իր կողմից տեղեկանք` «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների կատարման մասին:
Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանելու համար պետական տուրք չի գանձվում:
Ընդ որում, անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանումը չի ազատում վերջինիս հարկային պարտավորությունները կատարելուց, ինչպես նաև չկատարման կամ ոչ պատշաճ կատարման արդյունքում սահմանված պատասխանատվությունից:

2016 թվականի հունիսի 17-ին «Անհատ ձեռնարկատիրոջ մասին»  ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին  ընդունված օրենքով  մինչեւ պետական հաշվառումից դուրս գալը  ցանկալի է դիմել հարկային մարմնին բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում անցնելու համար:

Անհատ ձեռնարկատերը համարվում է հաշվառումից հանված դիմումը ներկայացնելու պահից :  
 

Օգտագործված աղբյուր։

Հոդված 53 Իրավաբանական անձի ստեղծումը

1. Իրավաբանական անձի հիմնադիրները կնքում են պայմանագիր, որով որոշում են իրավաբանական անձի հիմնադրման համար համատեղ գործունեության կարգը, իրավաբանական անձին իրենց գույքը հանձնելու և նրա կառավարմանն իրենց մասնակցության պայմանները:

2. Պայմանագրի հիման վրա հիմնադիրները մշակում են ստեղծվող իրավաբանական անձի կանոնադրությունը:

Հոդված 54 Իրավաբանական անձի հիմնադիրների պատասխանատվություն 

Իրավաբանական անձի հիմնադիրները համապարտ պատասխանատվություն են կրում մինչև իրավաբանական անձի պետական գրանցումը ծագած` իրավաբանական անձի ստեղծման հետ կապված պարտավորությունների համար:

Հոդված 55 Իրավաբանական անձի հիմնադիր փաստաթուղթ

1. Իրավաբանական անձի հիմնադիր փաստաթուղթը նրա հիմնադիրների (մասնակիցների) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված մարմնի հաստատած կանոնադրությունն է:  

2. Իրավաբանական անձի կանոնադրությամբ սահմանվում են իրավաբանական անձի անվանումը, նրա գտնվելու վայրը, ինչպես նաև պարունակվում են համապատասխան տեսակի իրավաբանական անձանց համար` սույն օրենսգրքով և (կամ) օրենքով նախատեսված այլ տեղեկություններ:

Ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունում սահմանվում են նրա գործունեության առարկան և նպատակները:

Առևտրային կազմակերպության կանոնադրությունում կարող են նախատեսվել նրա գործունեության առարկան և նպատակները:

3. Կանոնադրության փոփոխությունները երրորդ անձանց համար իրավաբանական ուժ են ձեռք բերում դրանց պետական գրանցման պահից, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նման գրանցում կատարող պետական մարմնին այդ փոփոխությունների մասին տեղեկացնելու պահից: Սակայն իրավաբանական անձինք և նրանց հիմնադիրները (մասնակիցները) նման փոփոխությունները հաշվի առած երրորդ անձանց հետ ունեցած հարաբերություններում իրավունք չունեն վկայակոչել այդ փոփոխությունների գրանցման բացակայությունը։

Հոդված 56 Իրավաբանական անձանց պետական գրանցում 

1. Իրավաբանական անձը, օրենքով սահմանված կարգով, ենթակա է պետական գրանցման: Պետական գրանցման համար տվյալները` ներառյալ առևտրային կազմակերպությունների ֆիրմային անվանումը, գրառվում են իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում, որը բաց է համընդհանուր ծանոթացման համար:

2. Իրավաբանական անձի պետական գրանցումը մերժելու հիմքերը սահմանվում են օրենքով:

Իրավաբանական անձի գրանցումն այն ստեղծելու աննպատակահարմարության շարժառիթով մերժել չի թույլատրվում:

Պետական գրանցումը մերժելը, ինչպես նաև գրանցումից խուսափելը կարող են բողոքարկվել դատարան:

3. Իրավաբանական անձն ստեղծված է համարվում նրա պետական գրանցման պահից:

4. Իրավաբանական անձը ենթակա է վերագրանցման միայն օրենքով սահմանված դեպքերում:

Հոդված 57 Իրավաբանական անձի մարմիներ 

1. Իրավաբանական անձը քաղաքացիական իրավունքներ է ձեռք բերում և քաղաքացիական պարտականություններ է ստանձնում իր մարմինների միջոցով, որոնք գործում են օրենքին, այլ իրավական ակտերին ու նրա կանոնադրությանը համապատասխան:

Իրավաբանական անձի մարմինների ընտրության կամ նշանակման կարգը սահմանվում է սույն օրենսգրքով, օրենքով և (կամ) իրավաբանական անձի կանոնադրությամբ:

2. Օրենքով նախատեսված դեպքերում իրավաբանական անձն իր մասնակիցների, ինչպես նաև ներկայացուցիչների միջոցով կարող է ձեռք բերել քաղաքացիական իրավունքներ և ստանձնել քաղաքացիական պարտականություններ:

3. Անձը, որն օրենքի կամ իրավաբանական անձի կանոնադրության ուժով հանդես է գալիս նրա անունից, պետք է գործի բարեխղճորեն և ողջամիտ` ի շահ իր կողմից ներկայացվող իրավաբանական անձի: Նա պարտավոր է իրավաբանական անձի հիմնադիրների (մասնակիցների) պահանջով հատուցել իր կողմից իրավաբանական անձին պատճառած վնասները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Հոդված 58 Իրավաբանական անձի անվանում 

1. Իրավաբանական անձն ունի իր անվանումը, որը ցուցում է պարունակում նրա կազմակերպական-իրավական ձևի մասին: Ոչ առևտրային կազմակերպության անվանումը պետք է ցուցում պարունակի իրավաբանական անձի գործունեության բնույթի մասին:

2. Առևտրային կազմակերպություն համարվող իրավաբանական անձը պետք է ունենա ֆիրմային անվանում:

Իրավաբանական անձը, որի ֆիրմային անվանումը գրանցված է օրենքով սահմանված կարգով, ունի դրա օգտագործման բացառիկ իրավունք:

Ֆիրմային անվանումների գրանցման ու օգտագործման կարգը սահմանվում է օրենքով և այլ իրավական ակտերով:

3. Այլ իրավաբանական անձի ֆիրմային անվանման ներքո իրավունքներ և պարտականություններ ձեռք բերել չի թույլատրվում:

Այլ անձի ֆիրմային անվանումն ապօրինի օգտագործող անձը պարտավոր է ֆիրմային անվանման իրավատիրոջ պահանջով դադարեցնել դրա օգտագործումը և հատուցել պատճառված վնասները:

1. Իրավաբանական անձն ունի իր անվանումը, որը ցուցում է պարունակում նրա կազմակերպական-իրավական ձևի մասին: Ոչ առևտրային կազմակերպության անվանումը պետք է ցուցում պարունակի իրավաբանական անձի գործունեության բնույթի մասին:

2. Առևտրային կազմակերպություն համարվող իրավաբանական անձը պետք է ունենա ֆիրմային անվանում:

Իրավաբանական անձը, որի ֆիրմային անվանումը գրանցված է օրենքով սահմանված կարգով, ունի դրա օգտագործման բացառիկ իրավունք:

Ֆիրմային անվանումների գրանցման ու օգտագործման կարգը սահմանվում է օրենքով և այլ իրավական ակտերով:

3. Այլ իրավաբանական անձի ֆիրմային անվանման ներքո իրավունքներ և պարտականություններ ձեռք բերել չի թույլատրվում:

Այլ անձի ֆիրմային անվանումն ապօրինի օգտագործող անձը պարտավոր է ֆիրմային անվանման իրավատիրոջ պահանջով դադարեցնել դրա օգտագործումը և հատուցել պատճառված վնասները:

Հոդված 59 Իրավաբանական անձի գտնվելու վայրը 

Իրավաբանական անձի գտնվելու վայրը նրա մշտական գործող մարմնի գտնվելու վայրն է:

Հոդված 60 Իրավաբանական անձի պատասխանատվություն 

1. Իրավաբանական անձն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

2. Իրավաբանական անձի հիմնադիրը (մասնակիցը) պատասխանատու չէ իրավաբանական անձի, իսկ իրավաբանական անձը` իր հիմնադրի (մասնակցի) պարտավորությունների համար, բացառությամբ սույն օրենսգրքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ նախատեսված դեպքերի:

Հոդված 61 Ներկայացուցչություններ և մասնաճյուղեր

1. Ներկայացուցչություն է համարվում իրավաբանական անձի գտնվելու վայրից դուրս տեղակայված նրա առանձնացված ստորաբաժանումը, որը ներկայացնում է իրավաբանական անձի շահերը և իրականացնում դրանց պաշտպանությունը:

2. Մասնաճյուղ է համարվում իրավաբանական անձի գտնվելու վայրից դուրս տեղակայված նրա առանձնացված ստորաբաժանումը, որն իրականացնում է նրա բոլոր գործառույթները կամ դրանց մի մասը` ներառյալ ներկայացուցչության գործառույթները:

3. Ներկայացուցչությունները և մասնաճյուղերն իրավաբանական անձինք չեն ու գործում են իրավաբանական անձի հաստատած կանոնադրությունների հիման վրա:

Ներկայացուցչությունների և մասնաճյուղերի ղեկավարները նշանակվում են իրավաբանական անձի կողմից ու գործում են նրա լիազորագրի հիման վրա:

Ընկերության կանոնադրությունը կարող է պարունակել տեղեկություններ առանձնացված ստորաբաժանումների մասին:

Հոդված 62 Հիմնարկ 

1. Հիմնարկ է համարվում կառավարչական, սոցիալ-մշակութային, կրթական կամ ոչ առևտրային բնույթի այլ գործունեություն իրականացնելու համար իրավաբանական անձի ստեղծած կազմակերպությունը:

2. Հիմնարկն իրավաբանական անձ չէ և գործում է իրավաբանական անձի հաստատած կանոնադրության հիման վրա:

3. Հիմնարկը, օրենքով սահմանված շրջանակներում, իր գործունեության նպատակներին, իրավաբանական անձի հանձնարարություններին և իրեն ամրացված գույքի նշանակությանը համապատասխան, տիրապետում, օգտագործում ու տնօրինում է այդ գույքը:

4. Հիմնարկի պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում այն ստեղծած իրավաբանական անձը:

5. Պետական ու այլ հիմնարկների առանձին տեսակների իրավական վիճակի առանձնահատկությունները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:

Հոդված 63 Իրավաբանական անձի վերակազմակերպումը 

1. Իրավաբանական անձի վերակազմակերպումը (միաձուլումը, միացումը, բաժանումը, առանձնացումը, վերակազմավորումը) կատարվում է նրա հիմնադիրների (մասնակիցների) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշման հիման վրա:

2. Օրենքով նախատեսված դեպքերում իրավաբանական անձի բաժանման կամ նրա կազմից մեկ կամ մի քանի իրավաբանական անձանց առանձնացման ձևով իրավաբանական անձի վերակազմակերպումն իրականացվում է դատարանի վճռով:

Դատարանը նշանակում է իրավաբանական անձի արտաքին կառավարիչ և նրան հանձնարարում է իրականացնել իրավաբանական անձի վերակազմակերպում: Նշանակման պահից իրավաբանական անձի գործերի կառավարման լիազորություններն անցնում են արտաքին կառավարչին: Արտաքին կառավարիչն իրավաբանական անձի անունից հանդես է գալիս դատարանում, կազմում է բաժանիչ հաշվեկշիռ և վերակազմակերպման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձանց կանոնադրությունների հետ միասին ներկայացնում է դատարան: Դատարանի կողմից այդ փաստաթղթերը հաստատելը հիմք է նոր ստեղծվող իրավաբանական անձանց պետական գրանցման համար:

3. Իրավաբանական անձը, բացառությամբ միացման ձևով վերակազմակերպման դեպքի, վերակազմակերպված է համարվում նոր ստեղծված իրավաբանական անձանց պետական գրանցման պահից:

4. Իրավաբանական անձն այլ իրավաբանական անձի հետ միացման ձևով վերակազմակերպվելիս նրանք համարվում են վերակազմակերպված` միացած իրավաբանական անձի գործունեությունը դադարելու վերաբերյալ պետական գրանցման պահից:

Հոդված 64 Իրավահաջորդությունն իրավաբանական անձանց վերակազմակերպման դեպքում 

1. Իրավաբանական անձանց միաձուլման դեպքում նրանցից յուրաքանչյուրի իրավունքները և պարտականություններն անցնում են նոր առաջացած իրավաբանական անձին` փոխանցման ակտին համապատասխան:

2. Իրավաբանական անձի` այլ իրավաբանական անձի միանալու դեպքում միացած իրավաբանական անձի իրավունքները և պարտականություններն անցնում են վերջինիս` փոխանցման ակտին համապատասխան:

3. Իրավաբանական անձի բաժանման դեպքում նրա իրավունքները և պարտականություններն անցնում են նոր առաջացած իրավաբանական անձանց` բաժանիչ հաշվեկշռին համապատասխան:

4. Իրավաբանական անձի կազմից մեկ կամ մի քանի իրավաբանական անձանց առանձնանալու դեպքում վերակազմակերպված իրավաբանական անձի իրավունքները և պարտականությունները նրանցից յուրաքանչյուրին են անցնում` բաժանիչ հաշվեկշռին համապատասխան:

5. Մեկ տեսակի իրավաբանական անձը մեկ այլ տեսակի իրավաբանական անձի վերակազմավորվելու դեպքում (կազմակերպական-իրավական ձևի փոփոխում) նոր առաջացած իրավաբանական անձին են անցնում վերակազմավորված իրավաբանական անձի իրավունքները և պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան:

Հոդված 65 Փոխանցման ակտ և բաժանիչ հաշվեկշիռ

1. Փոխանցման ակտը և բաժանիչ հաշվեկշիռը պետք է դրույթներ պարունակեն վերակազմակերպված իրավաբանական անձի գույքի ու պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր պարտավորությունների իրավահաջորդության մասին` ներառյալ վիճարկվող պարտավորությունները:

2. Փոխանցման ակտը և բաժանիչ հաշվեկշիռը հաստատում են վերակազմակերպման մասին որոշում ընդունած իրավաբանական անձի հիմնադիրները (մասնակիցները) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմինը և կանոնադրությունների հետ միասին ներկայացվում են նոր առաջացած իրավաբանական անձանց գրանցելու կամ գոյություն ունեցող իրավաբանական անձանց կանոնադրություններում փոփոխություններ մտցնելու համար:

3. Կանոնադրությունների հետ միասին փոխանցման ակտը կամ բաժանիչ հաշվեկշիռը չներկայացնելը, ինչպես նաև դրանցում վերակազմակերպված իրավաբանական անձի գույքի և պարտավորությունների իրավահաջորդության մասին դրույթների բացակայությունը կամ գույքի և պարտավորությունների անհամամասնական բաշխումը հիմք է վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումների մերժման համար:

Հոդված 66 Իրավաբանական անձի պարտատերերի իրավունքների երաշխիքներն այն վերակազմակերպվելու դեպքում 

1. Իրավաբանական անձի վերակազմակերպման մասին որոշում ընդունած իրավաբանական անձի հիմնադիրները (մասնակիցները) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմինը, իսկ սույն օրենսգրքի 63 հոդվածի 2-րդ կետում նախատեսված դեպքերում` արտաքին կառավարիչը, պարտավոր են այդ մասին գրավոր տեղեկացնել վերակազմակերպվող իրավաբանական անձի պարտատերերին:

2. Վերակազմակերպվող իրավաբանական անձի պարտատերն իրավունք ունի պահանջել պարտավորությունների կատարման լրացուցիչ երաշխիքներ կամ դադարեցնելու վերակազմակերպումը կամ վաղաժամկետ կատարելու պարտավորությունը, որով պարտապանը վերակազմակերպվող իրավաբանական անձն է, և հատուցելու վնասները:

3. Եթե բաժանիչ հաշվեկշիռը հնարավորություն չի տալիս որոշել վերակազմակերպված իրավաբանական անձի իրավահաջորդին, ապա նոր առաջացած իրավաբանական անձինք վերակազմակերպված իրավաբանական անձի պարտավորությունների համար նրա պարտատերերի առջև կրում են համապարտ պատասխանատվություն:

Հոդված 67 Իրավաբանական անձի լուծարումը 

1. Իրավաբանական անձի լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է` առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

2. Իրավաբանական անձը կարող է լուծարվել`

1) նրա հիմնադիրների (մասնակիցների) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշմամբ` ներառյալ այն ժամկետը լրանալու կապակցությամբ, որով ստեղծվել է իրավաբանական անձը, կամ այն նպատակին հասնելու կապակցությամբ, որի համար նա ստեղծվել է.

2) դատարանի կողմից իրավաբանական անձի գրանցումն անվավեր ճանաչելու դեպքում` կապված այն ստեղծելու ժամանակ թույլ տրված օրենքի խախտումների հետ.

3) դատարանի վճռով` առանց թույլտվության (լիցենզիայի) կամ օրենքով արգելված գործունեություն իրականացնելու, օրենքի կամ այլ իրավական ակտերի բազմակի կամ կոպիտ խախտումների, հասարակական միավորման կամ հիմնադրամի կողմից պարբերաբար իր կանոնադրական նպատակներին հակասող գործունեություն իրականացնելու, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:

3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված հիմքերով` իրավաբանական անձի լուծարման պահանջը կարող է դատարան ներկայացնել այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, որին օրենքով նման պահանջ ներկայացնելու իրավունք է վերապահված:

Դատարանի վճռով իրավաբանական անձի հիմնադիրների (մասնակիցների) կամ իրավաբանական անձի լուծարման լիազորություն ունեցող մարմնի վրա կարող են դրվել իրավաբանական անձին լուծարելու պարտականություններ:

4. Իրավաբանական անձը լուծարվում է նաև սնանկության հետևանքով:

5. Եթե լուծարվող իրավաբանական անձի գույքի արժեքն անբավարար է պարտատերերի պահանջները բավարարելու համար, ապա այն կարող է լուծարվել միայն սնանկության հետևանքով:

6. Բանկերի, ներդրումային ֆոնդերի, ներդրումային ֆոնդի կառավարիչների, ապահովագրական ընկերությունների և «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստեղծված Բյուրոյի լուծարման հիմքերի, կարգի, ինչպես նաև լուծարման դեպքում պարտատերերի պահանջների բավարարման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով:

Հոդված 68 Իրավաբանական անձի լուծարման մասին որոշում ընդունած անձի պարտականություններ 

1. Իրավաբանական անձի լուծարման մասին որոշում ընդունած իրավաբանական անձի հիմնադիրները (մասնակիցները) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմինը պարտավոր են այդ մասին անհապաղ տեղեկացնել իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին, որն իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում տեղեկություններ է գրառում տվյալ իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մասին:

2. Իրավաբանական անձի լուծարման մասին որոշում ընդունած իրավաբանական անձի հիմնադիրները (մասնակիցները) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմինը նշանակում են լուծարման հանձնաժողով (լուծարող) և, սույն օրենսգրքին համապատասխան, սահմանում են լուծարման կարգն ու ժամկետները:

3. Նշանակման պահից լուծարման հանձնաժողովին են անցնում իրավաբանական անձի գործերի կառավարման լիազորությունները: Լուծարվող իրավաբանական անձի անունից դատարանում հանդես է գալիս լուծարման հանձնաժողովը:

Հոդված 69 Հոդվածի լուծարման կարգը 

1. Լուծարման հանձնաժողովն իրավաբանական անձի պետական գրանցման մասին տվյալները հրապարակող մամուլում հայտարարություն է զետեղում նրա լուծարման և պարտատերերի պահանջների ներկայացման կարգի ու ժամկետի մասին: Այդ ժամկետը չի կարող պակաս լինել երկու ամսից` սկսած լուծարման մասին հրապարակման պահից:

Լուծարման հանձնաժողովը միջոցներ է ձեռնարկում պարտատերերին հայտնաբերելու և դեբիտորական պարտքն ստանալու ուղղությամբ, ինչպես նաև պարտատերերին տեղեկացնում է իրավաբանական անձի լուծարման մասին:

2. Պարտատերերի կողմից պահանջների ներկայացման ժամկետի ավարտից հետո լուծարման հանձնաժողովը կազմում է լուծարման միջանկյալ հաշվեկշիռ, որը տեղեկություններ է պարունակում լուծարվող իրավաբանական անձի գույքի կազմի, պարտատերերի ներկայացրած պահանջների ցանկի, ինչպես նաև պահանջների քննարկման արդյունքների մասին:

Լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատում են լուծարման մասին որոշում ընդունած իրավաբանական անձի հիմնադիրները (մասնակիցները) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմինը:

3. Եթե լուծարվող իրավաբանական անձի ունեցած դրամական միջոցներն անբավարար են պարտատերերի պահանջները բավարարելու համար, լուծարման հանձնաժողովը հրապարակային սակարկություններով վաճառում է իրավաբանական անձի գույքը` հրապարակային սակարկությունների մասին օրենքով սահմանված կարգով:

4. Լուծարման հանձնաժողովը լուծարվող իրավաբանական անձի պարտատերերին գումարներ է վճարում սույն օրենսգրքի 70 հոդվածով սահմանված հերթականությամբ` լուծարման միջանկյալ հաշվեկշռին համապատասխան` սկսած դրա հաստատման օրվանից:

5. Պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո լուծարման հանձնաժողովը կազմում է լուծարման հաշվեկշիռ, որը հաստատում են իրավաբանական անձի լուծարման մասին որոշում ընդունած իրավաբանական անձի հիմնադիրները (մասնակիցները) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմինը:

Հաստատված լուծարման հաշվեկշիռը լուծարման հանձնաժողովը ներկայացնում է իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմին:

6. Պարտատերերի պահանջները բավարարելուց հետո իրավաբանական անձի մնացած գույքը հանձնվում է նրա հիմնադիրներին (մասնակիցներին), եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ:

7. Իրավաբանական անձը համարվում է լուծարված, իսկ նրա գոյությունը` դադարած, պետական գրանցման պահից:

Leave a Reply